
Մեքսիկան մերժել է Պուտինին այցի ժամանակ ձերբակալելու՝ Ուկրաինայի դիմումը

Մեքսիկայի նախագահը մերժել է Ուկրաինայի դիմումը՝ ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի պետության նոր ղեկավարի երդմնակալությանը, որի տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք չենք կարող դա անել: Դա մեր գործը չէ», – գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը լրագրողներին հայտնել է օգոստոսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին մասնակցի ընտրված նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը։ Ըստ Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատան օգոստոսի 7-ի հայտարարության՝ դիմումում մատնանշվում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված ձերբակալության հրամանը:
«Մենք հուսով ենք` Մեքսիկայի կառավարությունը գիտի, որ Վլադիմիր Պուտինը պատերազմական հանցագործ է, որին ձերբակալելու հրաման է տրվել», – ասվում է Ուկրաինայի դեսպանատան հայտարարության մեջ:
Շեյնբաումի թիմը Ռուսաստանի նախագահին հրավիրել է մասնակցել երդմնակալությանը։ Նման դիվանագիտական ծանուցում է ուղարկվել բոլոր այն երկրներին, որոնց հետ Մեքսիկան դիվանագիտական հարաբերություններ ունի:
Հունիսին Պուտինը շնորհավորել էր Շեյնբաումին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ Մեքսիկան համարելով «Ռուսաստանի՝ պատմականորեն բարեկամ գործընկերը Լատինական Ամերիկայում»:
Անցյալ տարի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Պուտինին ձերբակալելու հրաման է տվել՝ նրան մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ՝ կապված Ուկրաինայում հակամարտության ընթացքում երեխաների ապօրինի արտաքսման հետ։Մեքսիկան ՄՔԴ-ի անդամ է, Ռուսաստանը՝ ոչ։