
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Մոնտեվիդեոյի քաղաքապետը բարձր են գնահատել երկու երկրների հարաբերությունների բարեկամական բնույթը

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոյի հետ:
Այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ հանդիպման շրջանակներում կողմերը բարձր են գնահատել հայ-ուրուգվայական հարաբերությունների բարեկամական բնույթը, երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել են ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը:
Դեսպանությունը նշում է, որ զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումների, մասնավորապես՝ Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին և Սննդի տարածաշրջանային էքսպոյին ՀՀ դեսպանության մասնակցության կապակցությամբ:
«ՀՀ դեսպանն ու Մոնտեվիդեոյի քաղաքապետը նաև անդրադարձել են Երևանի և Մոնտեվիդեոյի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին», – հաղորդել է դեսպանությունը: