2024թ. կարող է կրկին ռեկորդային շոգ տարի դառնալ. գիտնականներ
2024 թվականը կարող է ամենաշոգ տարին դառնալ դիտարկումների ողջ պատմության ընթացքում, չնայած այն բանին, որ հուլիսին ավարտվել է ջերմաստիճանի ռեկորդների 13-ամսյա շարքը: Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։
Կլիմայի փոփոխության մոնիթորինգի Copernicus ծառայության (C3S) տվյալներով՝ անցած ամիսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ ամենատաք ամիսն է եղել 1940 թվականից ի վեր` միայն մի փոքր ավելի հով 2023 թ. հուլիսից:
Անցյալ տարվա հունիսից մինչև 2024 թ. հունիս յուրաքանչյուր ամիսը ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանել տարվա այդ ժամանակի համար:
Հուլիսին համաշխարհային միջին ջերմաստիճանը կազմել է ըստ Ցելսիուսի 16,91 աստիճան, ինչն ընդամենը 0,04 աստիճանով է ցածր 2023 թ. հուլիսի ցուցանիշից: Այնուամենայնիվ, ըստ C3S-ի ղեկավարի տեղակալ Սամանթա Բերջեսի՝ «ընդհանուր համատեքստը չի փոխվել, մեր կլիման շարունակում է տաքանալ»։ Նրա խոսքով` կլիմայի փոփոխության կործանարար հետևանքներն սկսվել են 2023 թվականից շատ առաջ և կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները հասնեն զրոյական մակարդակի:
Հունվարից հուլիս գլոբալ ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0,7 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թթ. միջին ցուցանիշից: Այս անոմալիան պետք է զգալիորեն նվազի այս տարվա մնացած ժամանակաշրջանում, որպեսզի 2024-ը չդառնա ավելի շոգ, քան նախորդը:
Ըստ Copernicus ծառայության՝ «ավելի ու ավելի հավանական է դառնում, որ 2024 թ. ամենատաք տարին կդառնա դիտարկումների ողջ պատմության ընթացքում»։