Պուչդեմոնն Իսպանիա է վերադարձել՝ չնայած նրա ձերբակալման հրամանին
Կատալոնացի քաղաքական գործիչ Կառլես Պուչդեմոնը 7 տարի արտերկրում գտնվելուց հետո վերադարձել է Իսպանիա՝ չնայած Իսպանիայի կառավարության կողմից նրա ձերբակալման հրամանին։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Ըստ պարբերականի՝ Կատալոնիայի նախկին ղեկավար, անջատողական քաղաքական գործիչը հայրենիք է վերադարձել՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որ Կատալոնիայի խորհրդարանը քվեարկի նոր սոցիալիստական կառավարության օգտին։ Պուչդեմոնը, որն Իսպանիայից հեռացել էր 2017 թվականին Կատալոնիայում անկախության անօրինական հանրաքվե կազմակերպելուց հետո, Բելգիայից վերադարձել է Բարսելոնա։
Պուչդեմոնին ողջունելու համար նրա տասնյակ հազարավոր աջակիցներ հավաքվել են Բարսելոնայի կենտրոնում՝ Կատալոնիայի դրոշներով և քաղաքական գործչի նկարներով։ Հանրահավաքը կազմակերպվել է նրա «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության կողմից։ Պուչդեմոնը մտադիր է ներկա գտնվել խորհրդարանում նախատեսված քննարկումներին, որտեղ պետք է որոշվի սոցիալիստ Սալվադոր Իյային ինքնավար շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակելու հարցը։
Հնարավոր է, որ Պուչդեմոնին ձերբակալեն։



