Բանգլադեշում անկարգությունների զոհերի թիվը հասել է 109-ի
Բանգլադեշում օգոստոսի 5-ին տեղի ունեցած անկարգությունների զոհերի թիվը հասել է 109-ի: Այս մասին հաղորդել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանն ու բժիշկներին։
Ավելի վաղ հաղորդվել էր 56 զոհի մասին։Գործակալության հաշվարկների համաձայն՝ հուլիսին երկրում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 409-ի։
Օգոստոսի 5-ին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան, որը 15 տարի ղեկավարել էր երկիրը, հրաժարական է տվել, քրոջ հետ միասին լքել իր պաշտոնական նստավայրը մայրաքաղաք Դաքայում և մեկնել Հնդկաստան։ Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ Հասինան ապաստան է խնդրում Մեծ Բրիտանիայից: Ըստ Reuters գործակալության՝ Բանգլադեշի ցուցարարներն օգոստոսի 6-ին պահանջել են խորհրդարանի ցրումը։ Հասինայի դեմ շարժման գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Նահիդ Իսլամը, հայտարարել է, որ խորհրդարանը պետք է ցրվի մինչև տեղի ժամանակով ժամը 15։00-ն, և խնդրել է «հեղափոխական ուսանողներին պատրաստ լինել», եթե դա տեղի չունենա։
Օգոստոսի 6-ին Բանգլադեշի բանակի գլխավոր հրամանատարը պետք է հանդիպեր ցույցերի ուսանող ղեկավարների հետ և քննարկեր ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը, որը պետք է երկրում կազմակերպի ընտրություններ։
Բանգլադեշում ուսանողները բողոքի ակցիաներ են սկսել հուլիսից։ Ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։ Այնուհետև ցույցերը վերածվեցին ավելի ընդարձակ հակակառավարական շարժման՝ վարչապետի հրաժարականի պահանջով։