
Փարիզ-2024. Չալոյանը պայքարեց մինչև վերջ. Կարեն Աղամալյան

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի ելույթները:
«Ցավոք, ստացվեց այնպես, որ Դավիթը դուրս մնաց նաև բրոնզե մեդալի համար պայքարից: Թեպետ, նա պատրաստ էր: Առաջին մենամարտի մեկնարկը հաջող չէր, սակայն Չալոյանն իր արագության հաշվին կարողացավ հաղթանակի հասնել: Երկրորդ մենամարտում հաղթանակ կորզել չհաջողվեց: Չալոյանը պայքար մղեց մինչև վերջ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:
Վերջինիս խոսքով` Չալոյանի հաղթաթուղթը ոտքերի արագությունն է, իսկ այս անգամ զգացնել տվեց դեռևս ամիսներ առաջ ստացած վնասվածքը:
«Բռնցքամարտում փոքր սխալներ չեն լինում, մեկ սխալից ծնվում են մեծերը: Ես Դավիթից դժգոհ չեմ»,-ասաց մասնագետը: Ըստ Աղամալյանի՝ Օլիմպիական խաղերում մթնոլորտն այլ է, և լինում է այնպես, որ աշխարհի և օլիմպիական չեմպիոններից շատերն արդեն իսկ լքել են պայքարը:
«Մրցակցությունը գերծանր քաշային կարգում հավասար էր: Աշխարհի և օլիմպիական չեմպիոնների մենամարտերն այդքան էլ տպավորիչ չեն: Ոչ միայն այս քաշային կարգում, այլ նաև մյուս քաշերում ֆավորիտների հիմնական մասը դուրս է մնացել հետագա պայքարից»,-առանձնացրեց նա:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոնին:
Փարիզի հյուսիսային արենայում կայացած քառորդ եզրափակիչ մենամարտում Չալոյանն ուժերը չափեց Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆայի հետ: Չալոյանը զիջեց 5:0 հաշվով: Առաջին մենամարտում Չալոյանը հաղթել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Օրի Դելիշեսին:Վարվառա Հայրապետյան