Aerosmith խումբը հայտարարում է գործունեության ավարտի մասին
Ամերիկյան Aerosmith ռոք խումբը հայտարարել է, որ այլևս շրջագայության չի գնա: Ռոք խումբը չեղարկել է «Peace Out» հրաժեշտի շրջագայությունը, որը հայտարարվել էր 2023 թվականի մայիսին։ Նրանք արդեն հասցրել են երեք համերգ տալ, սակայն սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ֆրոնտմեն Սթիվեն Թայլերը վնասել է ձայնալարերը, որից հետո խումբը հետաձգել էր շրջագայության շրջանակներում մնացած համերգները մինչև հաջորդ տարի։
«Մենք միշտ ցանկացել ենք զարմացնել ձեզ մեր ելույթով։ Ինչպես գիտեք, Սթիվենի ձայնը գործիք է, որը նման չէ որևէ այլ գործիքի: Նա ամիսներ շարունակ անխոնջ աշխատում էր ձայնը վերականգնելու համար։ Այնուամենայնիվ, հնարավոր չէ ամբողջությամբ վերականգնել նրա ձայնալարերը, ուստի «Aerosmith»-ը սրտաճմլիկ և բարդ, բայց անհրաժեշտ որոշում կայացրեց հեռանալ շրջագայություններից»,-ասված է խմբի X-ի միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ։
Aerosmith հարդ-ռոք խումբն ընդգրկված է «Rolling Stone» ամսագրի բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտների ցանկում։