Վրաստանում սկսել է գործել արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների գրանցամատյանը
Վրաստանում սկսել է գործել արտասահմանից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների հատուկ գրանցամատյանը, որն ստեղծվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հիման վրա։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, գերատեսչությունն ստեղծել է տեխնիկական բազա կազմակերպությունների գրանցման համար, և նրանք արդեն օգոստոսի 1-ից կարող են դիմումներ ներկայացնել։ Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ոչ կառավարական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստացվում է արտերկրից, պետք է ներկայացնեն հայտարարագրեր 2023 թվականի եկամուտների մասին։
Հունվարի 1-ից հետո նրանք պարտավոր կլինեն հրապարակել տվյալներ 2024 թվականի ֆինանսավորման աղբյուրի և նպատակների վերաբերյալ։
Մայիսին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից կտրուկ արձագանքի է արժանացել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է Միացյալ Նահանգների վարչակազմի որոշման մասին՝ դադարեցնելու ավելի քան 95 մլն դոլարի չափով օգնությունը Վրաստանին՝ հանրապետության կառավարության «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով։
Կազմակերպությունները, որոնց վրա տարածվում է օրենքի գործողությունը, յուրաքանչյուր տարվա հունվարին պարտավոր կլինեն Արդարադատության նախարարություն ներկայացնել հայտարարագիր եկամուտների և ծախսերի մասին։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում նրանք կտուգանվեն 25 000 լարիով (ավելի քան 9100 դոլար)։ Եթե հայտարարագիր չներկայացվի տուգանքից հետո, ապա ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 000 լարի (ավելի քան 7300 դոլար):
Ոչ կառավարական կազմակերպությունները դեռ մինչև օրենքի ընդունումը հայտարարել են, որ մտադիր չեն գրանցվել որպես կազմակերպություններ, որոնք քարոզում են օտարերկրյա ուժի շահերը։ Հենց նման ձևակերպում է գրված օրենքում: