Փեզեշքիանը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ։
Tehran Times պարբերականը նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանը զգուշացրել է, որ Իսրայելի պատերազմը Լիբանանի դեմ մեծ սխալ կլինի և լուրջ հետևանքներ կունենա։
Փեզեշքիանը Մակրոնին ասել է, որ Իսրայելը վերջին օրերին սպառնացել է «կտոր-կտոր անել» Լիբանանը՝ ի պատասխան հուլիսի 27-ին Լիբանանի տարածքից իրականացված հարձակման, որի հետևանքով Իսրայելի ֆուտբոլի դաշտերից մեկում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ։
Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում նաև ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ծանր վիճակի վրա։
«Իրանը ոչ մի ջանք չի խնայի՝ օգնելու լուծել Գազայում տիրող ճգնաժամը, ինչպես նաև տարածաշրջանում հաստատել խաղաղություն և կայունություն», – ասել է նա։
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Իրանի նախագահը Մակրոնին ասել է, որ պատրաստ է լավացնել Ֆրանսիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված կլինեն «ազնվության «փոխադարձ հարգանքի վրա»։ Փեզեշքիանը նաև պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները՝ ուղղված Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնմանը։
Իր հերթին Մակրոնն, ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության, իր իրանցի գործընկերոջը կոչ է արել դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Մակրոնը նաև ասել է, որ Իրանը կարող է դերակատարում ունենալ Լիբանանի և Իսրայելի միջև լարվածությունից խուսափելու գործում՝ դադարեցնելով աջակցությունը «ապակայունացնող դերակատարներին»։ Փեզեշքիանի և Մակրոնի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իրանի նախագահի երդմնակալության արարողության նախօրեին։
Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, որին մասնակցելու համար Թեհրան է մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը։