Հայաստանի ֆիզիկական գոյությունը կդադարի՝ դեպի Արևմուտք ընտրության դեպքում. Միքայելյան
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը վստահեցնում է՝ Հարավային Կովկասում չի՛ կարող գոյություն ունենալ անվտանգ այնպիսի Հայաստան, որի արտաքին քաղաքական վեկտորն ուղղված կլինի դեպի Արևմուտք, ավելին՝ նման Հայաստանի ֆիզիկական գոյությունն արևմտյան քաղաքական ընտրության պարագայում ուղղակի կդադարի։
168.am-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը միտված քայլերի մասին, նման տեսակետ հայտնեց Միքայելյանը՝ շեշտելով։
«Այն պարագայում, երբ, օրինակ, անգամ Թուրքիան է ցանկանում դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ, Հայաստանն ինչպե՞ս կարող է դառնալ Արևմուտքի մաս. դա բացառված է»,- ասաց Միքայելյանը։
Նրա խոսքով՝ աներկբա է մեկ բան՝ Արևմուտքը Հայաստանում ֆինանսների ներդրման շնորհիվ դեռևս կարողանում է հասարակական կարծիք ձևավորել առ այն, թե հայ ժողովուրդը ցանկանում է դառնալ Արևմուտքի մի մասը. իրականում Արևմուտքը երբեք չի ցանկանա Հայաստանին դարձնել իր մի մասնիկը, պարզապես կբավարարվի ընդամենը հակառուսականության գաղափար սնելով։
Քաղաքագետը, միևնույն ժամանակ, պնդեց՝ ինչպես կեղծ է Արևմուտքի կողմից Հայաստանին տրվող ամեն մի խոստում, այնպես էլ կեղծ է արհեստականորեն ստեղծված երկընտրանքը, թե ռուսական անվտանգային հովանոցը վատն է, իսկ դրա այլընտրանքը կարող է լինել միայն արևմտյանը։
«Ռուսաստանի անվտանգության հովանոցը, այո՛, միանշանակ 100 տոկոսանոց արդյունավետություն չունի, բայց մեկ բան է՝ մնալ դրա տակ և ինչ-որ բան ստանալ, մեկ այլ բան՝ դուրս գալ դրա տակից, թշնամանալ Ռուսաստանի հետ։ Հարց՝ դա քարոզողներին. Հայաստանը կկարողանա՞ թշնամանալ Ռուսաստանի հետ և հանգիստ ապրել»,- ասաց Միքայելյանը։
Քաղաքագետը հիշեցրեց նաև Հայաստանի անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի մասին հայտարարություններ անողներին՝ դիվերսիֆիկացիան գործընկերների և ոչ թե թշնամիների թվի ավելացումն է։
«Ո՞վ ասաց, որ անվտանգային համակարգի դիվերսֆիկացիա նշանակում է՝ խաղացողների թվի կրճատում, ընդհակառակը, թվի ավելացում է դա ենթադրում, իսկ այդ պարագայում՝ գործընկեր Ռուսաստանին կավելանային Հնդկաստանն ու այլ երկրները. որևէ մեկը խաղից դուրս չէր գա, որովհետև խաղից դուրս եկած երկրները մեր հանդեպ չեզոք չեն մնալու, դառնալու են մեզ հակառակորդ»,-երզափակեց քաղաքագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.