Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել
Իսպանիայի ազգային ոստիկանությունը միջազգային գործողության ընթացքում օգնել է դադարեցնել հանցավոր կազմակերպության գործունեությունը, որն առագաստանավերով թմրանյութեր էր մատակարարում Հարավային Ամերիկայից Եվրոպա:
Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ) հայտնում է, որ Կարիբյան ծովում 2023 թ. դեկտեմբերին կալանված առագաստանավում եղել է 45 միլիոն եվրոյի կոկաին։ Դրանից հետո իրավապահները գործողություններ են իրականացրել մի շարք երկրներում։
Ձերբակալվել է 50 մարդ, ինչպես նաև կատարվել է 47 խուզարկություն։ Իրավապահներն առգրավել են 1,5 տոննա կոկաին, կալանք է դրվել 8 նավի և 36 փոխադրամիջոցի վրա։Իսպանիայի իրավապահները հայտնել են, որ դա աշխարհում խոշորագույն խմբավորումն է, որը կոկաին էր փոխադրում այդ եղանակով։
Հետաքննությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ համատեղ և Եվրոպոլի աջակցությամբ։
Իսպանիայի իրավապահները հայտնել են, որ հետաքննությունը շարունակվել է 2020 թվականի հունիսից։ Այն ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել էր Իսպանիայում գործող բրիտանական հանցախումբ, որը միջազգային առևտրային ուղիներով կոկաին էր փոխադրում Հարավային Ամերիկայից Եվրոպա Իսպանիայի տարածքով: