Վաշինգտոնի ցավոտ ակնարկը Երևանին
2024թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետական քարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին հարցին, մասնավորաբար, հայտարարել է. «Մենք իրոք կարծում ենք, որ համաձայնությունը հնարվոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»՝ չպարզաբանելով «բարդ ընտրություններ» և «ծանր փոխզիջումներ» ձևակերպումները:
Կարո՞ղ է ԱՄՆ-ն, կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ շահագրգիռ որևէ երրորդ կողմ վկայակոչել գեթ մեկ զիջում, որ կատարել է Ադրբեջանը հօգուտ Հայաստանի: Աներկբա է, որ նման զիջում գոյություն չունի: 2020թ. ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի դադարից հետո մինչ այս պահը Ադրբեջանին զիջել է միայն Հայաստանը, ըստ որում, բոլորն էլ եղել են ծանր զիջումներ:
Հայաստանի համար նախընթաց անհաջող փորձը հաշվի առնելով (Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Տավուշի մարզի 6.5 քառ. կմ տարածքը Ադրբեջանի իրավազորությանը հանձնելը և այլն) կարող ենք ենթադրել, որ «բարդ ընտրություններ» և «ծանր փոխզիջումներ» ասելով պաշտոնական Վաշինգտոնն ակնարկում է Հայաստանի կողմից Ադրբեջանի օգտին կատարվելիք նոր ծանր զիջումների մասին: Իսկ այդ ծանր զիջումները կարող են լինել Հայաստանի ներպետական օրենսդրության մեջ Ադրբեջանի քիմքին հաճելի փոփոխությունների կատարումը, ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելը, Տիգրանաշենն Ադրբեջանի իրավազորությանը հանձնելը և այլն:
Խուսափելու համար նշյալ սցենարի իրականացումից համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում շարունակվելու են առավելապես սպասարկվել ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից արհեստականորեն ստեղծված կեղծ կազմավորման՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի շահերն ի հաշիվ Արցախի և Հայաստանի հանրապետությունների ազգային, պետական շահերի:
Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել նաև հետևյալը:
Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող հատվածի՝ Ադրբեջանի կողմից 2023թ. ապրիլի 23-ին արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամի հարցով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, մասնավորապես, հայտարարել է. «Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա։… Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացման որևէ գործողություն՝ լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ»:
Նշված հայտարարությունից 5 օր անց՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարությունը, չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:
ԱՄՆ ոչինչ չձեռնարկեց դադարեցնելու այդ հարձակումը և ադրբեջանական զինված կազմավորման ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու համար:
Այսպիսով, ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունն առ այն, թե «Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացման որևէ գործողություն՝ լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ», եղել է կեղծ կամ սուտ:
Հետևաբար, Երևանին «բարդ ընտրությունների» և «ծանր փոխզիջումների» մասին ակնարկներ անելու փոխարեն Վաշինգտոնը պետք է հետևողական լինի իր հայտարարությունների և հանձնառությունների կատարմանը:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ