Բաժիններ՝

ՌԴ-ում 40 տարվա մեջ առաջին անգամ Ամառային օլիմպիադան չեն ցուցադրի հեռուստատեսությամբ

40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանի Դաշնության հեռուստատեսությամբ, գրել են մարզական անցուդարձը լուսաբանող Sports.ru ինտերնետային հնդեսը և այլ լրատվամիջոցներ:

«Առաջին» և «Ռուսաստան-1» դաշնային հեռուստակաալիքները քաղաքական նկատառումներով հրաժարվել են Ամառային օլիմպիադայի մրցումները հեռարձակելուց:

Sports.ru-ի փոխանցմամբ, «որոշումն ընդունվել է ներկայիս իրողությունների կապակցությամբ»:

Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթը գրել է, որ հեռուստաալիքները «սխալ» են համարում ռեպորտաժների հեռարձակումը Փարիզի օլիմպիադայից, քանի որ Ռուսաստանից միայն մի քանի մարզիկների է թույլատրվել մասնակցել մրցումներին, այն էլ՝ չեզոք կարգավիճակով։

Մրցույթների հեռարձակման իրավունքների գնման համար բանակցություններ են վարել Матч ТВ-ն և «ՎԿ» հոլդինգը։ Սակայն ապրիլին խարդախության մեղադրանքով ձերբակալվեց Ռուսաստանում Օլիմպիական խաղերի հեռարձակման իրավունքների սեփականատեր, Telesport-ի ղեկավար Պյոտր Մակարենկոն։

Բացի այդ, լրատվամիջոցների հրապարակումները հայտնում են, թե երբ հայտնի դարձավ, որ որոշ ճանաչված ռուսաստանցի մարզիկներ չեն մեկնի Փարիզ, հեռուստակայանները հրաժարվեցին միլիոնավոր դոլարների պայմանագրեր կնքել։

Արդյունքում, ոչ Match TV-ն, ոչ VK-ն չեն գնել իրավունքները և պաշտոնապես չեն ցուցադրի հուլիսի 26-ին մեկնարկող Օլիմպիական խաղերը։

Վերջին անգամ Ռուսաստանում Օլիմպիական խաղերը հեռուստատեսությամբ չեն ցուցադրել 1984 թվականին, երբ ԽՍՀՄ-ը բոյկոտել է դրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս