
2.5 մլն դոլար՝ Վրաստանի խորհրդարանի ավտոմեքենաների համար

Վրաստանի խորհրդարանը մոտ 2,5 մլն դոլար կծախսի 60 նոր ավտոմեքենա գնելու համար։ Էլեկտրոնային մրցույթը հայտարարվել է Պետական գնումների գործակալության կայքում, հայտնում է «Մթավարի արխին»-ն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Գնման գնահատված արժեքը կազմում է ավելի քան 6,7 մլն լարի։ Դրանից մոտ 5,6 մլն լարին բուն մեքենաների արժեքն է, իսկ 1,1 մլնը՝ 5 տարվա երաշխիքային ժամկետի պահպանման ծախսերը։
Բոլոր գնված 60 մեքենաներն առաջին դասի հիբրիդային մարդատար ավտոմեքենաներ են: Ինչ վերաբերում է մյուս չափանիշներին, ապա, ըստ փաստաթղթերի, մեքենաների երկարությունը պետք է լինի առնվազն 4,83 մետր, լայնությունը՝ առնվազն 1,79 մետր, իսկ հզորությունը՝ առնվազն 195 ձիաուժ։
Ըստ գնումների ընթացակարգերի և առաքման ժամանակացույցի՝ նոր մեքենաները կբերվեն 2025 թվականից և կսպասարկեն հաջորդ խորհրդարանի պատգամավորներին։