Աստված ներում է, երբ մարդ գիտակցում է իր սխալը ու զղջում
Oգտատերերի կողմից հաճախ տրվող հարցերին պատասխանում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:
– Ե՞րբ է ձևավորվում մարդու հոգին:
-Սաղմոսերգուն ասում է. «Քե՜զ հանձնվեցի ես արգանդից, Մորս որովայնից դու ես իմ Աստվածը» (Սաղմոս 21:11)։ Այսինքն՝ մարդը դեռ չծնված ճանաչեց Աստծուն, ստացավ հոգի, բայց կոնկրետ ո՞ր փուլում է ձևավորվում հոգին, այս հարցի շուրջ դարեր շարունակ եղել են տարբեր վեճեր: Եկեղեցու հայրերի մի մասն ասում են, որ հղիության առաջին ամսից հետո, երբ սաղմնային փուլից անցում է կատարվում, միավորվում են մարմինն ու հոգին: Մեր Եկեղեցին ընդունում է այն տեսակետը, որ հղիության առաջին վայրկյանից մարդու հոգին միավորվում է մարմնի հետ:
– Աստված կների՞ մեղավորներին, որոնց համար աղոթում են, բայց որոնք չեն գիտակցում իրենց մեղքը:
-Աստված կլսի մեր աղոթքը մեղավոր մարդկանց համար, սակայն ինչպիսի արձագանք կլինի, ոչ ոք չի կարող ասել: Դատաստանի առաջ Տերն է որոշելու, թե ինչ է լինելու, բայց Աստված միանշանակ ներում է մեղավորին, երբ նա գիտակցում է իր սխալը, զղջում է, հայցում է թողություն:
– Աստծուց նշան խնդրելը սխա՞լ է:
-Քրիստոս ասաց՝ Հովնան մարգարեի նշանից բացի, որը խորհրդանշում է Իր մահն ու Հարությունը, ուրիշ նշան չի տրվելու: Սխալ է Աստծուց ակնկալել այլ նշան՝ դարձի գալու, հավատքի մեջ ամրանալու համար: Պատահական չէ, որ Նոր Կտակարանում տեսնում ենք, որ Քրիստոս, երբ հրաշք էր գործում, ասում էր, որ ոչ ոքի չպատմեն կատարվածի մասին: Այսինքն՝ մարդկանց մոտ ակնկալիք չլինի, որ հավատքի գան, դառնան դեպի Աստված՝ հրաշք տեսնելու ցանկությամբ:
– Ո՞րն է մատաղ անելու ճիշտ կարգը:
-Շատ կարևոր է, որ մատաղը չվերածվի զոհաբերության ծեսի: Անընդունելի է, երբ մարդիկ մորթում են կենդանուն ու երբեմն կենդանու արյունը քսում իրենց ճակատին: Սա բացարձակ կապ չունի քրիստոնեության հետ: Մենք Քրիստոսի արյունով ենք փրկվել: Մենք կենդանուն չենք զոհաբերում մեր մեղքերի համար, մենք կարգը կատարում ենք բարեգործության համար, որ տանք հնարավորություն՝ աղքատներին սնվելու: Անթույլատրելի է, երբ մատաղը վերածվում է ռեստորանային ինչ-որ ուտեստի կամ կերուխումի: Սա խորհրդի խեղաթյուրում է: Երբ ստուգաբանում ենք բառը` մատաղ, ստացվում է՝ մատուցել աղքատներին: Ընկալելի է, երբ մատաղն ամբողջությամբ բաժանվում է կարիքավորներին:
– Խոստովանահայր փնտրելիս ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել:
-Խոստավանահոր ընտրությունը յուրաքանչյուր հավատացյալի ազատ որոշումն է: Պետք է առաջնորդվել քահանային ճանաչելու ու վստահելու սկզբունքով: Նախընտրելի է, որ խոստովանահայրը լինի համայնքի հոգևորականը, ում հետ կարելի է հաճախ շփվել, որպեսզի քահանան իմանա՝ ինչպես օգնել տվյալ մարդուն, տեսնի նրա կենսակերպը, հոգևոր առաջընթացը: Խոստովանահայրը պետք է լինի օծյալ հոգևորական: Պետք է գիտակցել, որ այն, ինչ ասվում է խոստովանության ժամանակ, հոգևորականն իրավունք չունի բարձրաձայնելու, այդ տեղեկությունը չի կարող օգտագործվել տվյալ մարդու դեմ:
Պատրաստեց Անի Ավագյանը