«Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է․ Էրդողան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի առաջնորդը, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», նշել է, որ դրա «բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է»։

Բացի այդ Էրդողանը չի բացառել նաև Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունը։

«Ինչո՞ւ չդիտարկենք [սահմանի բացման] հարցը։ Նախկինում մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ ամեն ինչ պետք է անենք խաղաղության համար։ Հուսով ենք՝ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղություն կհաստատվի։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Մենք ուզում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք ի վերջո լավ նորություններ կբերեն»,- ասել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս