ԱՄՆ-ն եռանդով է «կպել» Հայաստանին. Զախարովան՝ ամերիկացիների երևանյան այցերի մասին

ԱՄՆ-ն աննախադեպ եռանդով է «կպել» Հայաստանին, իսկ ամերիկացի պաշտոնյաները սկսել են Երևան այցելել էստաֆետային ռեժիմով: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախկինում ամերիկացիների կողմից նման ակտիվություն չէր նկատվում, թեև Հայաստանը մինչ այդ շատ դժվար պահեր է ունեցել, և հասկանալի չէ, թե ինչու ԱՄՆ-ն այդ ժամանակ նման շռայլություն չէր ցուցաբերում։

«Փոխայցերը դրվել են էստաֆետային ռեժիմի, և օրերս Հայաստանի Հանրապետություն է այցելել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։ Որտեղ նա է, այնտեղ հաջողությունն է: Նա կրկին հայտարարել է օգնության մասին: Հարցն այն է, թե դրանից ինչն է տրվելու։ Ամերիկացիները շատերին են նման օգնություն խոստացել, օրինակ՝ Սերբիային։ Բայց Սերբիան ոչինչ չի ստացել։ Հնարավոր է՝ ոչ Հայաստանի ներկայիս իշխանությունները, բայց օգնության համար, միևնույնն է, ստիպված կլինեն վճարել», – ասել է Զախարովան։

Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը երբեք իր դաշնակիցներին, բարեկամներին ու գործընկերներին չի դրել «մեզ հետ կամ մեր դեմ» ընտրության առաջ։ Մոսկվան նման խնդիր չունի, քանի որ դա հակասում է հիմնարար կանոններին։ Արևմտականների այս անպատկառ ոճը ցույց է տալիս, որ լիովին անտեսվում են նրանց շահերը, ում հետ նրանք ռազմավարական երկխոսություն են հաստատում։ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հարց է առաջանում` արդյոք հայ ժողովուրդը գիտակցում է, որ նման գործընկերությունն ամենևին էլ չի ենթադրում հայտարարված չափերով պաշտպանության, հոգածության, օգնության, աջակցության տրամադրում:

Իրականում նպատակը այս կամ այն երկրին ԱՄՆ արտաքին կառավարման ներքո տեղափոխելն է։

«Որոշումների կայացման հարցում ձեզ կօգնեն, բայց կօգտագործեն ձեր տարածքը, ռեսուրսներն ու հնարավորությունները՝ առանց հաշվի առնելու ձեր իսկ շահերը», – հավելել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս