242 միլիոն 400.000 դրամ՝ «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» համար․ Փաշինյանի աշխատակազմի հերթական միջոցառումը
Վարչապետի աշխատակազմը նորից միջոցառումների հետ կապված ծառայությունների պատվիրակման պայմանագիր է կնքել. այս անգամ առիթը «Համաշխարհային հայկական գագաթնաժողովն» է, որը նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 17-20-ը։
Էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով ընտրված մասնակիցը «Լաքշերի վոյաժ ՍՊԸ»-ն է։
Ընկերության հետ կնքված պայմանագրի գինն աստղաբաշխական է՝ 242 միլիոն 400.000 դրամ (242399998.80 դրամ)։
Հուլիսի 8-ին կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ գագաթնաժողովին նախատեսվում է հյուրընկալել առնվազն 800 մասնակից աշխարհի մոտ 50 երկրից և առնվազն 200 հյուր՝ Հայաստանի Հանրապետությունից։
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է ունենալ առնվազն 8 պանելային նիստ և առնվազն 25 տարբեր ձևաչափով քննարկում (աշխատաժողովների (Workshop) քննարկումներ, համաժամանակյա նիստեր, B2B սրահում հանդիպում-քննարկում), նախատեսվում է նաև կազմակերպել 3 ցուցահանդես (էքսպո), ինչպես նաև՝ փակման և բացման արարողություններ:
Շուրջ 20 երկրից 180 բանախոսների հետ քննարկվելու են Հայաստանի անվտանգային, արտաքին, ներդրումային քաղաքականությանը, հայրենադարձությանը, Սփյուռքի կրթական, հայապահպանական, ինքնակազմակերպման խնդիրներին, երիտասարդական կառույցների հզորացմանը և ակադեմիական ներուժի ներգրավմանը վերաբերող հարցեր:
Ընտրված մասնակցի՝ «Լաքշերի վոյաժ ՍՊԸ»-ի մասին. 2012 թվականին գրանցված այս ընկերության ակտիվությունը պետգնումներում նկատելի է 2023 թվականից։ Ի դեպ, ըստ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի, ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2015 թվականից պատկանում է Լիանա Դավիդյանին, տնօրենը նրա քույրն է՝ Աննա Դավիդյանը։
«Լաքշերի վոյաժ»-ն արդեն այս ընթացքում հասցրել է կնքել 5 պայմանագիր Երևանի քաղաքապետարանի հետ, 2 պայմանագիր՝ Էկոնոմիկայի նախարարության հետ, և 1-ը՝ վարչապետի աշխատակազմի։ Ավելին՝ միայն վերջին պայմանագիրն է բացառիկ մրցույթի առումով, մյուսների դեպքում դրանք եղել են մեկ անձ կամ դրամաշնորհ գնման ընթացակարգով։
Միայն այս տարի ընկերության հետ արդեն միլիոնավոր դրամների շուրջ 4 պայմանագիր է կնքվել. մեկ անձից գնման եղանակով ընկերությունը քաղաքապետարանին մատակարարել է 2 միլիոն դրամ արժողությամբ պատվիրակության ընդունելության ծառայություններ՝ ապրիլին, ապա նաև նմանատիպ ծառայություններ դարձյալ նույն կողմի համար նաև մայիսին՝ 4 միլիոն 500.000 դրամ արժողությամբ։
Հունիսի 6-ին այս ընկերությանն Էկոնոմիկայի նախարարությունը տվել է 151 միլիոն դրամ դրամաշնորհ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում մեկ միջազգային միջոցառման կազմակերպման համար։
Համաշխարհային հայկական գագաթնաժողովն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ: Առաջինն անց էր կացվել 2022 թվականի հոկտեմբերի 28-31-ը։