Պուտինը մեծացնում է համաշխարհային երիտասարդական կառույցի աշխարհագրությունը. ո՞վ կլինի ՀՀ կառույցի ղեկավարը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2023 թվականի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր Երիտասարդության համաշխարհային փառատոն անցկացնելու մասին: Ըստ պաշտոնական ձևակերպման, դրա նպատակը աշխարհով մեկ երիտասարդության համագործակցության խթանումն ու զարգացումն է:
Փառատոնը կայացավ այս տարվա մարտին, որին մասնակցեց տարբեր ոլորտների ավելի քան 20 հազար ներկայացուցիչ աշխարհի 190 երկրից: Մասնակիցների տարիքը տատանվում էր 14-ից 35-ի սահմաններում: Մեր ունեցած տեղեկություններով, ՌԴ նախագահը ցանկություն ունի առավել մեծ աշխարհագրություն ապահովել այս նախաձեռնության համար: Մասնավորաբար, հուլիսի սկզբին տեղի է ունենալու փառատոնի խորհրդի համագումարը, որտեղ քննարկվելու է տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունենալու հարցը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանում ևս նախատեսվում է կառույց ունենալ: «Փաստի» տեղեկություններով, հայաստանյան կառույցի ղեկավարումը ստանձնելու առաջարկ է արվել Երևանի «Ռուսական գրքի տան» հիմնադիր, հասարակական գործիչ, բարերար Մհեր Ավետիսյանին»: