«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան
Հայաստանի հենակետային մարզաձևերի շարքում անկախացումից հետո ծանրամարտը միշտ էլ առաջին տեղում է եղել: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանն ունի 3 ծանրորդ մասնակից:
«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը ծանրորդ Գարիկ Կարապետյանն է: Վերջինիս համար այս Օլիմպիական խաղերն առաջինն են:
Գարիկ Կարապետյան
Ծանրորդ (102 կգ)
21 տարեկան
Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր
Փարիզ-2024-ը առաջին Օլիմպիական խաղերն են
Մրցումային օրերը` օգոստոսի 10
–Գարիկ, ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել ծանրամարտով:
-Ծանրամարտով հետաքրքրվել սկսվել եմ մոտ 14 տարեկանում: Ինչպես գիտեք, հայրս ևս ծանրորդ է եղել: Սակայն հեռուստացույցով շատ եմ նայել մեր ծանրորդների` Տիգրան Մարտիրոսյանի, Արա Խաչատրյանի, Գևորգ Դավթյանի ելույթները, Գոռ Մինասյանի ու Սիմոն Մարտիրոսյանի մոտեցումները: Բայց այդ ժամանակ չէի էլ մտածում, որ մի օր իրենց հետ այս նույն ճանապարհն եմ անցնելու:
–Այժմ հավաքականի մի մասն եք: Պատասխանատվության ձեր բաժինն ունեք: Ինչպիսի՞ զգացողություն է:
-Ուրախ եմ, որ հիմա թիմի մի մասն եմ, քանի որ բոլորն էլ ընկերներս են և օգնում են իրենց խորհուրդներով:
–Ծանրամարտը ձեր ընտանիքի մի մասն է, քանի որ ձեր հայրն էլ անվանի ծանրորդ է: Ի՞նչ խորհուրդներ եք ստանում նրանից:
-Քննարկումներ ունենում ենք, իհարկե: Հայրս ամեն հարցում կողքիս է: Ծանրամարտի մասին խոսում ենք միայն մարզադահլիճում, տանը չենք էլ քննարկում: Օջախում զուտ հայր և որդի ենք, մարզադահլիճում մարզիչ և մարզիկ փոխհարաբերություններն են:
–Ո՞րն է ծանրամարտի գեղեցկությունը:
-Աշխատասիրությունը:
–Արդյո՞ք եղել է այս մարզաձևում մեկն, ով օրինակ է եղել ձեզ համար:
-Հայրս է:
–Գարիկ, երիտասարդ տարիքում մասնակիցն եք լինելու սպորտային կյանքի ամենակարևոր իրադարձությանը` Օլիմպիական խաղերին: Ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում Փարիզ-2024-ին:
-Ինձ համար մեծ նշանակություն ունեն այս խաղերը: Մեծ առաջադրանք ունեմ կատարելու Փարիզի խաղերին: Խոստումներ չեմ տա, առաջ Աստված: Շատ քչերին է բախտ վիճակվում լինել Օլիմպիական խաղերում, շատ քչերին է դա տրված: Հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար:
–Ի՞նչ եք տեսնում ու լսում ծանրաձողին մոտենալիս:
-Մոտենալիս տեսնում եմ միայն ծանրաձողը, իսկ արդեն բարձրացնելուց հետո լսում եմ ամեն ինչ, ինչ կատարվում է շուրջբոլորս: Եվ սովորություն էլ չունեմ մոտենալիս ինքս ինձ հետ խոսելու:
–Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Գուցե մեր քաշային կարգի այլ մարզիկներն, ովքեր լավագույններից են: Փորձում եմ առավել շատ մարզվել, որ կարողանամ գերազանցել նրանց:
–Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…
-Նոր ճանապարհի սկիզբ, գուցե:
«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան