Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները
Աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը բարձր է հատկապես ամռան սեզոնին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Ներսես Գրիգորյանը:
Մասնագետի խոսքով՝ աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ հանրապետությունում ներկա փուլում իրավիճակը կառավարելի է և նախորդ տարվա հետ համեմատ՝ հիվանդացության գրեթե նույն ցուցանիշներն են:
«Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար պետք է շատ ուշադիր լինել նաև սննդամթերքի պահպանման հարցում. արագ փչացող ուտեստները պետք է պարտադիր պահպանել սառնարանային պայմաններում, քանի որ շրջապատում մշտապես առկա են հարուցիչներ, որոնք կարող են շատ արագ բազմանալ համապատասխան պայմաններ չլինելու դեպքում: Պետք է խուսափել նաև փողոցներում ոչ պատշաճ պայմաններում պահվող սննդամթերքներ ձեռք բերելուց»,- նշեց համաճարակաբանը:
Անդրադառնալով ամռան շրջանում քաղաքից դուրս կազմակերպվող խնջույքներին՝ Գրիգորյանը շեշտեց՝ մարդիկ օգտվում են իրենց պատրաստած ուտելիքներից և բնական աղբյուրների ջրերից, որոնք կարող են լինել շատ հաճելի, բայց՝ ոչ անվտանգ: Մասնագետը հորդորեց այս պարագայում վերցնել ոչ արագ փչացող սննդամթերք, միրգ, բանջարեղեն:
Ներսես Գրիգորյանը խորհուրդ տվեց՝ ինքնազգացողության փոփոխության պարագայում առաջնահերթ օգտագործել շատ ջուր, չզբաղվել ինքնաբուժությամբ և արագ դիմել մասնագետի՝ իրավիճակը վերահսկելու և բարդացումներից խուսափելու համար: