
Բայրամովը խոստանում է «հաջորդ դրական քայլերը» սահմանազատման հարցում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոստացել է «հաջորդ դրական քայլերը» Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հարցում։
«Հայաստանի հետ սահմանների սահմանազատման աշխատանքները շարունակվում են։ Մոտ ապագայում մենք ականատես կլինենք հետագա դրական քայլերի»,- ասել է նա Թբիլիսիում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։
Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Նախարարի խոսքով, վերջին ամիսներին դրական տեղաշարժեր են նկատվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման ուղղությամբ։
«Հանդիպման ընթացքում ես տեղեկացրեցի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման ոլորտում առկա իրավիճակի մասին։ Նշեմ, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Վերջին ամիսներին մենք ականատես եղանք մի շարք դրական զարգացումների։ Դրանց թվում է ադրբեջանա-հայկական սահմանի մի մասի սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելը և արձանագրության ստորագրումը։
Այս քայլը մենք կարեւոր ենք համարում։ Այս արձանագրության շնորհիվ վերջ դրվեց Ադրբեջանի 4 գյուղերի օկուպացիային»,- ասել է Բայրամովը՝ ակնարկելով Տավուշի տարածքների միակողմանի փոխանցումը Հայաստանի կողմից։ Նախարարը չի ասել, թե Ադրբեջանը երբ է պատրաստվում վերջ տալ հայկական տարածքների օկուպացիային։