Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան
Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, ինչպես նաև երկխոսություն սկսելու համար Էստոնիայի արտահայտած աջակցությունը
Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ողջունելով ներկաներին և էստոնացի գործընկերոջը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ բացի հանդիպումներից նախարարները միմյանց հետ պարբերաբար ունենում են նաև հեռախոսազրույցներ:
«Ուրախ ենք, որ Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը զարգանում է, ինչպես զարգանում են մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա մենք շատ բան ունենք քննարկելու, ուրվագծելու մեր ակնկալիքները երկկողմ օրակարգում, ինչպես նաև՝ համագործակցությունը տարբեր ձևաչափերով»,- ասաց նախարարը։
Արարատ Միրզոյանն իր խոսքում նշեց, որ երկու երկրներին, իսկապես, հաջողվել է կառուցել ամուր քաղաքական երկխոսություն և գործընկերություն՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և երկրների բարգավաճ և ավելի ապահով ապագայի համատեղ հանձնառության վրա։
«Անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարական սկզբունքներն էլ ավելի ամրապնդելու վճռականությունն այն արժեքներն են, որոնք ավելի ու ավելի են մերձեցնում մեր երկրներին և ժողովուրդներին: Ժամանակը հասունացել է, որ ընդլայնենք մեր գործընկերությունը տարբեր ոլորտներում, կառուցենք գործընկերային հարաբերություններ մեր հասարակության համար կարևոր, նպատակային ոլորտներում»,- նշեց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է ընդլայնվի՝ խթանելու առևտուրն ու ներդրումները, ինչի համար հսկայական ներուժ կա: Պետք է օգտագործել նորարարությունը և բարձր տեխնոլոգիաները, որտեղ և՛ Հայաստանը, և՛ Էստոնիան զգալի առաջընթաց են գրանցում։
Արտաքին քաղաքականություն
Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար
Նա ընդգծեց, որ մի կողմից Էստոնիայի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, կիբերանվտանգության ոլորտներում ուշագրավ ձեռքբերումները, մյուս կողմից Հայաստանի՝ այս առումով ավելի շատ փոփոխություններ մտցնելու պատրաստակամությունը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում՝ իդեալական հող են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար։
«Այն նաև վերաբերում է կրթության, զբոսաշրջության, ինչպես նաև էներգետիկայի, մշակույթի և այլ ոլորտներում մեր համագործակցության ընդլայնմանը: Մենք նաև բարձր ենք գնահատում մեր երկրների միջև զարգացման համագործակցության վերսկսումը, որտեղ համագործակցության առաջնահերթ ոլորտներն են կրթությունը, ժողովրդավարությունը և լավ կառավարումը, աղքատության կրճատումը և ձեռներեցությունը»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ բացի երկկողմ համագործակցությունից, երկու երկրները զարգացրել են ներգրավվածության և փոխադարձ աջակցության շատ դրական դինամիկա բազմակողմ ձևաչափերում, որտեղ շատ հաճախ կիսում են հիմնական առաջնահերթությունները և աջակցում են միմյանց թեկնածություններին։
Նախարարը շեշտեց, որ գործընկերության ավելի մեծ պատկեր է ներառում գործունեությունը Եվրոպական միության ձևաչափով, որտեղ Հայաստանն ու Էստոնիան ունեն բազմաշերտ համագործակցություն. պայմանավորվածությունների իրականացում, այդ թվում՝ Հայաստանի դիմադրողականության ամրապնդման և տնտեսության դիվերսիֆիկացման, բայց նաև՝ ավելի հեռուն նայելու համար:
«Այստեղ ես բարձր եմ գնահատում Էստոնիայի մասնակցությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, ինչպես նաև երկխոսություն սկսելու համար Էստոնիայի արտահայտած աջակցությունը ։ Հուսով ենք, որ համատեղ ուժերով շուտով կհասնենք նոր կարևոր հանգրվանների»,- շեշտեց նախարարը։