ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Էստոնիա խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտի Ռայդման։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:
«Մեր երկու երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, բարեկամության, հիմնարար սկզբունքների արժևորման վրա, և ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում, այդ կապերի առավել խորացումն առավել, քան կարևոր է»,- ընդգծել է ԱԳ նախարարը։
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի ու Էստոնիայի միջև բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկան ընդլայնվող հարաբերությունների վկայությունն են, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության մասով։ Այս համատեքստում կարևորվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, արձանագրված հաջողությունները՝ շնորհակալություն հայտնելով նաև Էստոնիայի կողմից այդ ճանապարհին ցուցաբերված աջակցության համար։
«ՀՀ քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և կառավարությունը հաստատակամ է շարունակել բարեփոխումները, այդ թվում՝ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հավելել է Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի, ակնկալիքների շուրջ՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ հանգամանալից անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը։