
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ երկիրը պատերազմ չի ցանկանում «Հեզբոլլահ»-ի հետ

Իսրայելը չի ցանկանում կռվել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ, սակայն պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց «Հեզբոլլահ»-ը վտանգավոր խաղ է խաղում, և մենք չենք հանդուրժի հարձակումները մեր քաղաքացիների և տասնյակ հազարավոր իսրայելցիների վրա, որոնք ստիպված լքել են իրենց տները», – Գալանտի խոսքերը մեջբերում է Jerusalem Post-ը:
Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը Իսրայելի քաղաքացիներին ողջ և առողջ տուն վերադարձնելն է։
«Մենք նախընտրում ենք դա անել փոխըմբռնման հիման վրա, սակայն պատրաստվում ենք բոլոր հնարավոր սցենարներին»,-նշել է նա։
Ավելի վաղ՝ հունիսի 26-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Լիբանանի հետ սահման, որտեղ հետևել է իսրայելական զորավարժություններին և հայտարարել, որ «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտության դեպքում երկիրը հաղթանակ կտանի։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեղադրել է միջազգային հանրությանը նման հակամարտությունը կանխելու համար բավարար քայլեր չանելու մեջ։
«Միջազգային հանրությունը չպետք է զարմանա, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, քանի որ միջազգային հանրությունը գրեթե մատը մատին չի տվել կամ որևէ բան արել՝ նպաստելու Իսրայելի բնակիչների անվտանգությանը»,- ասել է նա՝ մեկնաբանելով երկրի հյուսիսային սահմանում ստեղծված իրադրությունը։