Խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան և ՄԻՊ-ի աջակցությամբ բուժօգնություն ստացել
Բուժօգնության և խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից:
«Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Յուլիա Սուդորենկոն դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով, որ քաղաքային բժշկական հաստատություններից մեկում բուժում ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչպես նաև պատշաճ բուժօգնության և խնամքի կարիք»,- ասված է Հայաստանի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հանձնակատարը տեղեկացրել է, որ տվյալ քաղաքացին բնակվում է միայնակ, չունի հարազատներ, որոնք կարող են ստանձնել նրա խնամքը: Հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել նաև քաղաքացուն Հայաստան տեղափոխմանն աջակցելու հարցում:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Հանձնակատարի ներկայացուցչի հետ՝ գործընթացը կազմակերպելու մանրամասները քննարկելու նպատակով: Ավելի ուշ, Հանձնակատարի ջանքերով, քաղաքացին՝ բժշկի ուղեկցությամբ, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով քաղաքացին տեղափոխվել է մասնագիտացված բժշկական հաստատություն, անցել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն:
Դրա հետ մեկտեղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր անձի ֆունկցիոնալության գնահատման ուղղությամբ՝ հետագայում վերջինիս համապատասխան խնամքի հաստատություն տեղափոխելու նպատակով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է պետական մարմինների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից: