Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընտրվել է ՃՇՀԱ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրության և այլ հարցեր։
ՃՇՀԱՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ, հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), ներկայացնելով հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին, նշել է, որ նա ավարտել և իր աշխատանքային կարիերան սկսել է հենց այդ համալսարանում, հետևաբար՝ լավատեղյակ է իրականացվող աշխատանքներին։
Եղիազար Վարդանյանը ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Ինչպես տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, ողջունելով ներկաներին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը նիստի քննարկմանն է ներկայացրել համալսարանում իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Հոգաբարձուների խորհրդի անդամներն ընդգծել են համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի կողմից իրականացվող համագործակցված աշխատանքների շարունակականության ապահովումը, ինչով էլ պայմանավորեցին համալսարանում կրթական և գիտական ոլորտներում իրականացվող բարեփոխումների բարձր արդյունավետությունը։
Հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց համալսարանի ասպիրանտ Խաչատուր Խաչատրյանը։