Բլինքենն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 24-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածում կառավարումը: Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Նրանք քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղղությամբ նախաձեռնվող ջանքերը, որոնք կապահովեն բոլոր պատանդների ազատ արձակումը և կթեթևացնեն պաղեստինցիների տառապանքը: Պետքարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել Գազայում հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին պաշտպանելու և Գազայում օգնությունը ՄԱԿ-ի հետ լիակատար համակարգմամբ բաշխելու համար», – նշված է հաղորդագրությունում։
Բլինքենը Գալանտին ներկայացրել է գործադրվող ջանքերն՝ ուղղված հետպատերազմյան շրջանում Գազայի հատվածի անվտանգությանը, կառավարմանը և վերակառուցմանը և շեշտել «այդ աշխատանքի կարևորությունն Իսրայելի անվտանգության համար»։
Պետքարտուղարը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ «ընդգծել է, որ կարևոր է խուսափել հակամարտության հետագա սրումից և գտնել դիվանագիտական լուծում, որը թույլ կտա իսրայելցիների և լիբանանցիների ընտանիքներին վերադառնալ իրենց տներ»:
Միլլերը հունիսի 24-ին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում խոստովանել է, որ ներկայում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև «ոչ մի պայմանավորվածություն» չկա պաղեստինյան անկլավի ապագա կառավարման վերաբերյալ:
«Մենք չենք ցանկանում, որ նրանք կրկին օկուպացնեն Գազան, ահա թե ինչու ենք շարունակում պնդել դրա այլընտրանքի շուրջ», – նշել է նա։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, երբ Իսրայելում շուրջ 1200 մարդ սպանվեց, 250 մարդ՝ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը հասել է 37 600-ի։