Ռուսաստանից տարեկան 450.000 տոննա հացահատիկ է ներմուծվում Հայաստան արտոնյալ պայմաններով. Հարությունյան
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Հայաստանը Եվրամիության անդամ դարձնելու կոչ անողներին հորդորում է առաջին հերթին նայել, թե ինչպե՞ս են ապրում մարդիկ այդ միության անդամ երկրներում, որտեղ կա և՛ տնտեսական անկում, և՛ գյուղատնտեսական շարժումներ, և՛ սոցիալական հարցերով բողոքի ակցիաներ, ուստի Եվրամիության մասին խոսելիս նախ պետք է հաշվարկել, թե դա ի՞նչ է արժենալու Հայաստանի տնտեսության համար։
«Իսկ ինչ է տվել մեզ ԵՏՄ-ն. տարեկան 450 հազար տոննա հացահատիկը Ռուսաստանից արտոնյալ պայմաններով ներմուծվում է Հայաստան այնպես, ինչպես Ախուրյանից կբերվեր Հայաստան։ Երկրորդը՝ գազի գինն է։ Հայաստանը եթե գազ չներմուծի, մենք կհայտնվենք ծանր վիճակում։ Ունենք նաև ռազմական բլոկ»,- այսօր կազմակերպված «Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկման ժամանակ շեշտեց Աշոտ Հարությունյանը։
Նրա խոսքով՝Հայաստանն այսօր պատրաստ չէ գնալ Եվրամիություն ոչ տնտեսապես, ոչ արժեհամակարգով։
«Մյուս կողմից, եկեք մեզ չխաբենք. Եվրամիությունը մեզ չի՛ սպասում. Թուրքիան 17 տարի սպասում է այդ միությանը, Վրաստանը 10 տարուց ավելի է սպասում, նույնը՝ Մոլդովան։ Դա նշանակում է, որ ճանապարհ դեպի Եվրամիություն ասվածը լկտի սուտ է և խաբկանք»,- ասաց Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։