Կայացել է «Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամի դրամահավաք-երեկոն
«Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամը ս․ թ․ հունիսի 20-ին իրականացրել է բարեգործական դրամահավաք-երեկո, որի ժամանակ հանգանակված ամբողջ հասույթն ուղղվելու է Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված ընտանիքների համար իրականացվող աջակցության ծրագրերին։
Բացման խոսքում հիմնադրամի տնօրեն Սիրանուշ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին Արցախից ժամանակավորապես տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների հանդեպ ուշադրություն ցուցաբերելու համար, ներկայացրել է հիմնադրամի ստեղծման պատմությունն ու նպատակները։
Ելույթներով հանդես են եկել նաև «Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ Անգին Մովսիսյանը և Էդգար Էլբակյանը, ինչպես նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սերգեյ Մելքոնյանը։
Ս․ Մելքոնյանն անդրադարձել է «Հայկական առաքելություն» հիմնադրամի կողմից 2023 թ․ Արցախյան պատերազմի ու երկրամասի բնիկ հայկական բնակչության ժամանակավոր բռնի տեղահանության ժամանակաշրջանից մինչ օրս իրականացված գործունեության մասշտաբներին, հիշատակել հիմնադրամին աջակցություն ցուցաբերած կազմակերպություններին ու անհատներին, կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հիմնադրամի աշխատանքներում ներգրավված կամավորներին։
Համահիմնադիրներ Ա․ Մովսիսյանը և Է․ Էլբակյանը խոսել են հիմնադրամի ստեղծման հիմքում դրված գաղափարների, սկզբունքների և փիլիսոփայական հիմքերի մասին։
Երեկոյի ընթացքում խոսել է նաև Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված և «Հայկական առաքելություն» հիմնադրամի շահառու հանդիսացող Ասպրամ Ղալայանը, որ պատմել է բլոկադայի, ժամանակավոր բռնի տեղահանության ու դրանց հաջորդող ժամանակահատվածի դժվարությունների մասին, ներկայացրել իր ունեցած փորձառությունը հիմնադրամի հետ։ Ա․ Ղալայանն իր ելույթում Արցախի ու արցախցու ոգու մասին խոսելիս նշել է՝ «Արարող ազգը, շնչող ազգը՝ ծնված ապրելու ու ապրեցնելու համար, չի կարող դադարել շնչել, չշարունակել արարել ու ստեղծել` մարտահրավերներ նետելով կյանքի արհավիրքներին…»։
Միջոցառման ընթացքում հնչած ելույթներում կարմիր թելով անցնում էին ապրումակցման, ներազգային համերաշխության, Արցախի վերաացատագրման ու արցախցիների վերադարձի գաղափարները։
Հավարտ միջոցառման տեղի է ունեցել հայկական տարբեր ապրանքանիշերի, կազմակերպությունների ու անհատների տրամադրած բացառիկ իրերի բարեգործական աճուրդ, որից առաջացած ամբողջ հասույթն ուղղվելու է հիմնադրամի նպատակների իրագործմանը։
Հիմնադրամը դրամահավաք-երեկոյի շրջանակներում որպես նպատակակետ սահմանել էր 2․000․000 միլիոն դրամի հավաքագրումը: Արդյունքում, շնորհիվ առատաձեռն հանգանակությունների և բարեգործական աճուրդի, հավաքագրվել է սահմանված շեմի կրկնակիից ավելին։
«Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում «Ջիջի», «ԱՐԷԴ ՔՈ» ընկերություններին, «Տիտան» սուպերմարկետների ցանցին, «Հայ արծիվներ» հիմնադրամին, Արմաշի ալյուրի գործարանին սեպտեմբերից սկսած կազմակերպությանը տարատեսակ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Արամ Նիկոլյանին, Նարեկ Վան Աշուղաթոյանին, Արտակ Բաղդասարյանին, Մերի Դավթյանին, Թորգոմ ընկերությանը, Կերամազարդ ստուդիոյին՝ բարեգործական աճուրդի լոտերի տրամադրման համար։
«Հայկական առաքելություն» հիմնադրամն ակտիվ գործունեությունն սկսել է 2023 թ․ սեպտեմբերին՝ Արցախի ժամանակավոր հայաթափման օրերից։ Կազմակերպության գործունեությունն ուղղված է ժամանակավորապես բռնի տեղահանված արցախցիներին տարաբնույթ աջակցության ցուցաբերմանը։ Հիմնադրամի գործունեության կարևորագույն սկզբունքներից մեկն իրականացվող ծրագրերի աստիճանական ընդլայնումն է, դրանց շարունակականության ապահովումը։ Մինչ այս պահը «Հայկական առաքելություն» հիմնադրամն աջակցել է 2200 արցախցու, որից 560-ը՝ երեխաներ, աշխատանքով ապահովել 8 ընտանիքի, կազմակերպել 1 պանելային քննարկում, 2 մասնագիտական դասընթաց և ամանորյա 2 միջոցառում։