Բաժիններ՝

Օրբանը դեմ է հանդես եկել ֆոն դեր Լայենի վերընտրվելուն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ ժամկետով վերընտրվելուն՝ պաշտոնավարման «ցածր արդյունքների» պատճառով։

Funke մեդիախմբի լրագրողի այն հարցին, թե ինչու է Օրբանը ցանկանում կանխել ֆոն դեր Լայենի վերընտրվելը, Հունգարիայի վարչապետը խոսել է նրա ձախողումների մասին։

«Նրա ցածր արդյունքների պատճառով: «Կանաչ» վերափոխումը համընդհանուր անհաջող կառավարում է, միգրացիոն փաթեթը չի լուծում ոչ մի խնդիր: Եվրոպան ավելի լավ ղեկավարության կարիք ունի: Կան բավականին տաղանդավոր քաղաքական գործիչներ, որոնք կարող են դա (անել)», – ասել է Օրբանը:

Խոսելով Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների մասին՝ քաղաքական գործիչը նշել է նաև ԵԽ-ի նախորդ կազմի թույլ հաջողությունները։

Ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ եվրոպացիները փոփոխություններ են ուզում, սակայն, Օրբանի խոսքով, ղեկավարությունում կմնա նույն կառավարական կոալիցիան:

«Ես ուրախ չեմ այն ​​բանից, թե ինչ է կատարվում: Մենք կառուցվածքային խնդիր ունենք», – հավելել է նա:

Ֆոն դեր Լայենը հավակնում է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետին: Վերընտրվելու համար ԵՄ-ի երկրների ղեկավարները պետք է առաջարկեն նրա թեկնածությունը Եվրախորհրդարանի նոր կազմի լիագումար նիստում։ Քվեարկության ժամանակ նրան անհրաժեշտ է ստանալ պատգամավորների առնվազն 361 ձայն։

Հունիսի 24-ին Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ քննարկում են կառույցի առաջիկա հինգ տարիների ռազմավարական օրակարգը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի և եվրադիվանագիտության ղեկավարների պաշտոնների համար թեկնածությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս