Բաժիններ՝

Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 15-ը

Դաղստանի երկու քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ զոհվել է 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը։

«Այսօրվա ահաբեկչության զոհ են դարձել ավելի քան 15 ոստիկան», – ասել է Մելիքովն իր Telegram ալիքում՝ հունիսի 23-ին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած հարձակումներից հետո։

Նա հավելել է, որ ևս մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել։

Հունիսի 23-ի երեկոյան ՌԴ սուբյեկտ Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման մասին։ Այս քաղաքներում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։

Ավելի վաղ հանրապետությունում հայտնել էին 10 զոհի մասին, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ էին, 8-ը՝ իրավապահներ։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է Դաղստանում հինգ զինյալի ոչնչացման մասին։ Չեզոքացված երեք զինյալները հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավարի որդիներն ու եղբոր որդին են։ Պաշտոնյան բերման է ենթարկվել։

Դաղստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Մախաչկալայի հիվանդանոց է տեղափոխվել 16 մարդ՝ 13 վիրավոր ոստիկան և 3 քաղաքացիական անձ։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ահաբեկչություն» հոդվածով։

Դաղստանում հակաահաբեչական գործողության ռեժիմ է սահմանվել, երկու քաղաքներում էլ մարտերը շարունակվել են մինչև ուշ երեկո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս