Նորից ահազանգ բերդից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների իրավունքների խախտումները վերջերս ավելի հաճախակի են դարձել։ Գրեթե ամեն օր այդ հիմնարկից ահազանգում են հերթական արտառոց դեպքի մասին։ Անցյալ շաբաթ դատապարտյալներից տեղեկություն ստացանք, որ բերդի խցերից մեկում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ Կալանավոր Ն․-ն դանակով հարվածել է մեկ այլ կալանավորի՝ Ռուստամ Հ․-ին։ Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Քրեակատարողական ծառայությունից պարզաբանում խնդրեցինք դեպքի վերաբերյալ։
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանցից մեկը խցում վիճաբանության արդյունքում ինքնաշեն դանակով հարվածներ է հասցրել նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձի թեւին եւ կողային հատվածին։ Վնասվածքներ ստացած կալանավորված անձն անմիջապես տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, վերքերը մշակելուց հետո վերադարձվել է «Նուբարաշեն» ՔԿՀ։ Նույն օրը հաղորդում է տրվել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Մեր տեղեկություններով, կալանավորներից մեկը բազմիցս դիմել է «Նուբարաշենի» ղեկավարությանը՝ հայտնելով, որ կոնֆլիկտներ ունի խցակիցների հետ, խնդրել է տեղափոխել իրեն այլ խուց, սակայն բերդի ղեկավարությունն անտեսել է նրա խնդրանքները»: