Հնդկաստանի 3 նահանգներում հորդառատ անձրևների պատճառով վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել
Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը (IMD) տագնապի առավելագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել հյուսիսարևելյան Ասամի և Մեգհալայայի նահանգներում, ինչպես նաև հյուսիսային Արունաչալ Պրադեշի նահանգում՝ չդադարող տեղատարափների պատճառով: Հեղեղների հետևանքով կա 20-ից ավելի զոհ։
Վերջին օրվա ընթացքում այդ նահանգների տարածքի մեծ մասը գրանցել է ռեկորդային տեղումներ արտակարգ հորդառատ անձրևների հետևանքով, որոնց օրական մակարդակը որոշ շրջաններում կազմել է 47-ից մինչև 78 սմ: Տարերքի հարվածից լրջորեն տուժել է Ասամի նահանգը, որտեղ ամպրոպային տեղատարափները, դրանց պատճառած հեղեղումներն ու սողանքները հանգեցրել են 26 մարդու մահվան։
Բրահմապուտրա գետի վարարումը հանգեցրել է 459 գյուղական բնակավայրերի հեղեղման, որտեղ հեղեղաջրերից տուժել է 412 000 բնակիչ։ Ավելի քան 1 միլիոն մարդ է տարհանվել հեղեղման գոտուց և տեղավորվել 240 ժամանակավոր ճամբարներում։ Անձրևներն Ասամում հանգեցրել են ոռոգման կառույցների և ավտոմոբիլային ճանապարհների ավերման, ինչպես նաև առաջացրել են էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ։