
Շոլցը մտադիր է խստացնել Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դաշնային կառավարության և Գերմանիայի արևելյան երկրամասերի վարչապետների միջև լիակատար միասնություն է տեսնում անօրինական միգրացիայի դեմ պայքարում։
Deutsche Welle-ն գրում է, որ այդ երկրամասերի վեց կառավարությունների ղեկավարների հետ հունիսի 18-ին Վիտենբերգում կայացած հանդիպումից հետո Շոլցը հայտարարել է, որ անցյալ տարի «հեռուն գնացող որոշումներ» են ընդունվել, որոնք առաջիկայում ուժի մեջ կմտնեն։
«Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի այս միտումը պահպանվի», – ասել է դաշնային կանցլերը՝ նկատի ունենալով Գերմանիայում միգրանտների թվի նվազման միտումը։
Սաքսոնիա-Անհալթի երկրամասի վարչապետ Ռայներ Հազելոֆը, որը ներկայում գլխավորում է Գերմանիայի արևելյան երկրամասերի կառավարությունների ղեկավարների խորհրդաժողովը, լիովին հաստատել է հաջող բանակցությունների վերաբերյալ կանցլերի խոսքերը։ Նա ասել է, որ անցյալ շաբաթ Վոլմիրշտեդտ քաղաքում դանակով հարձակումը ցույց է տվել, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել արտաքսման գործելակերպի կիրառման ուղղությամբ: Ներկայում մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, նշել է Հազելոֆը:
Հունիսի 15-ին Գերմանիայի ոստիկանությունը կրակել-սպանել էր աֆղանստանցի 27-ամյա մի տղամարդու, որը սպանել էր իր հայրենակցին, այնուհետև վիրավորել 3 անձի, որոնք մասնավոր տան բակում դիտում էին Եվրո 2024 ֆուտբոլային մրցաշարի բացման խաղը։ Դանակով զինված տղամարդը նաև հարձակվել էր դեպքի վայր կանչված ոստիկանների վրա։