Polish Aid-ի շրջանակներում Հայաստանն ու Լեհաստանը ստորագրել են նոր ծրագրերի պայմանագրեր

Հայաստանում Լեհաստանի դեսպանի առանձնատանը Polish Aid-ի շրջանակներում տեղի է ունեցել նոր ծրագրերի պայմանագրերի ստորագրում, որոնք կիրականացվեն այս տարի։

Ինչպես  տտեղեկանում ենք Լեհաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում Վաղատուրում մանկապարտեզի համար խաղահրապարակի կառուցման հետ մեկտեղ ձեռք կբերվեն սարքավորումներ, Արևիկի, Բավրա և Ղարիբջանյանի երիտասարդական կենտրոններում կբարելավվեն կրթական և մշակութային պայմանները:

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ Լոռու մարզում` կբարելավվեն Պրոբացիայի ծառայության օբյեկտների պայմանները (IV փուլ): ISSD Innovative Solutions for Sustainable Development of Communities-ի հետ միասին կստեղծվի «Գրին Հաբ» էկոլոգիական կենտրոն Արմավիրի մարզում։ Trails for Change-ի հետ համագործակցության շրջանակներում կիրականացվի ծրագիր, որի շնորհիվ «Սևան» ազգային պարկում կբարելավվեն ենթակառուցվածքները և հանգստի գոտիները` գծանշելով դեպի Սոնասար լեռ տանող արահետը և կառուցելով դիտակետերում փոքր ճարտարապետական կետեր։

«Polish Aid-ը Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության բրենդն է, որն իրականացվում է զարգացող երկրներում: Քաղաքական և տնտեսական վերափոխման ընթացքում Լեհաստանն օգտվեց այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունից: Այժմ, երբ այն ՄԱԿ-ի, Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության աջակցության կոմիտեի անդամ է, ինքն է արդեն դարձել զարգացման օգնության դոնոր»,- նշված է հաղորդագրության մեջ: Ընդգծվում է, որ Լեհաստանն անմիջականորեն համագործակցում է Արևելյան գործընկերության երկրների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի ավելի հեռավոր երկրների հետ։

Տեսանյութեր

Լրահոս