Բաժիններ՝

Կանբերան և Պեկինը վերսկսել են իրենց գործընկերությունը. Ավստրալիայի վարչապետ

Կանբերան և Պեկինը «վերսկսել և աշխուժացրել են» իրենց գործընկերությունը՝ կայունացնելով երկու երկրների հարաբերությունները։ Այս հայտարարությունն արել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզն՝ ամփոփելով Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման արդյունքները։

Ավստրալիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Պեկինի և Կանբերայի միջև հարաբերությունները զարգանում են առավել դինամիկ կերպով, երբ երկու երկրների կառավարություններն «աշխատում են ուղղակիորեն միմյանց հետ», և ևս մեկ անգամ ընդգծել է Ավստրալիայի և Չինաստանի երկխոսության կարևորությունն ինչպես այդ պետությունների ժողովուրդների, այնպես էլ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ընդհանրապես։

«Չինաստանը մնում է Ավստրալիայի ամենամեծ առևտրային գործընկերը և կենսականորեն կարևոր դեր է խաղում տարածաշրջանը բաց, կայուն և բարգավաճ պահելու գործում: Երկխոսությունը մնում է Պեկինի հետ մեր հարաբերությունների գլխավոր սկզբունքը, քանի որ դա միմյանց հետ փոխգործակցության առավել արդյունավետ ձևն է, միայն այդպես ենք մենք հասնում առաջընթացի մեր ընդհանուր շահերի իրականացման գործում և պաշտպանում տարածաշրջանային կայունությունը», – ընդգծել է վարչապետը։

Ալբանիզը նաև հայտնել է, որ կառավարությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում «ստորագրվել են մի քանի փոխըմբռնման հուշագրեր», և ձեռք է բերվել էական առաջընթաց Ավստրալիայի քաղաքացիների համար Չինաստան առանց վիզայի մուտքի հարցում։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի վարչապետը պաշտոնական այցով Ավստրալիա է ժամանել հունիսի 15-ին։ Քառօրյա այցի շրջանակներում Լի Ցյանը կհանդիպի Հարավային Ավստրալիայի գինեգործների հետ, հանդիպումներ կունենա Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի և առևտրի նախարար Դոն Ֆարելի հետ․ նրանք ծրագրում են Լի Ցյանի հետ քննարկել թարմ ծովամթերքի առևտրային մաքսատուրքերի վերացման հարցը, որոնք Չինաստանը սահմանել է 2020 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս