Բաժիններ՝

Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է՝ 95-ամյակը

Այսօր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է, լրանում է մեծ շախմատիստի 95-ամյակը:

Պետրոսյանը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1963 թվականին, 1966 թվականին՝ պաշտպանել կոչումը:

«Երկաթե Տիգրանը» Միջազգային կարգի գրոսմայստեր էր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։ Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թվականի ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թվականի առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թվականներին մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թվականի առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թվականին միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թվականին միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958-ին՝ 3-4-րդը, 1962-ին՝ 2-3-րդը։ 1959 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։

1962 թվականին, հաղթելով հավակնորդների մրցաշարում, Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթել է 1963 թվականին և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966 թվականին Պետրոսյանը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Սպասկիին։ 1969 թվականին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվել է նույն Սպասկիին։ 1971-1980 թվականներին շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984 թ. օգոստոսի 13-ին: Այդ ժամանակվանից էլ Երևանի շախմատի տունը կրում է շախմատի լեգենդ Տիգրան Պետրոսյանի անունը։ Փարիզում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս