Բաժիններ՝

Նեթանյահուն քննադատել է հումանիտար օգնության համար Գազայում մարտական գործողությունների դադարների վերաբերյալ զինվորականների որոշումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է հունիսի 16-ին զինվորականների կողմից հայտարարված պլանները՝ ամենօրյա մարտավարական դադարներ իրականացնել Գազայի գլխավոր ճանապարհներից մեկի երկայնքով՝ պաղեստինյան անկլավին օգնության մատակարարումը հեշտացնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել էր, որ Գազայի հարավում ամեն օր տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 19:00-ը մարդասիրական նպատակով մարտական ​​գործողությունների դադարներ կիրականացնի:

«Երբ վարչապետը լսեց առավոտից 11 ժամով հումանիտար դադար տալու մասին հաղորդումները, նա դիմեց իր զինվորական քարտուղարին և ասաց, որ դա իր համար անընդունելի է», – հայտնել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։

ԻՊԲ-ն միևնույն ժամանակ պարզաբանել է, որ Գազայի հարավի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունները կշարունակվեն։

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը, որը ղեկավարում է Նեթանյահուի իշխող կոալիցիայում ազգայնական կրոնական կուսակցություններից մեկը, նույնպես դատապարտել է մարտավարական դադար տալու գաղափարը՝ ասելով, որ նման որոշում կայացնողը «հիմար» է, որին պետք է հեռացնել աշխատանքից։

Սա մեկն է այն մի շարք տարաձայնություններից, որ առկա են իշխող կոալիցիայի և զինվորականների միջև ռազմական գործողությունների անցկացման շուրջ, նշում է Reuters-ը։ Անցյալ շաբաթ կենտրոնամետ գեներալ, նախարար Բենի Գանցը հեռացավ կառավարությունից՝ Նեթանյահուին մեղադրելով Գազայում արդյունավետ ռազմավարություն չունենալու մեջ։

Քննադատության է արժանացել նաև խորհրդարանում քննարկման դրված օրենքը, որի համաձայն ուլտրա-ուղղափառ հրեաները պետք է սկսեն զորակոչվել բանակ։

Իսրայելում նաև ցույցեր են տեղի ունեցել կառավարության դեմ․ ցուցարարները պնդում են, որ կառավարությունը բավականաչափ ջանքեր չի գործադրում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ մնացած շուրջ 120 պատանդների վերադարձի համար։

2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Նրանց մի մասը վերադարձվել էր նոյեմբերին հաստատված մեկ շաբաթյա հրադադարի ընթացքում։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ Գազայի հատվածի իշխանությունների, զոհվել է ավելի քան 37 000 պաղեստինցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս