Եվրահանձնաժողովը հուլիսին Ուկրաինային 1,5 միլիարդ եվրո կտրամադրի ՌԴ-ի ակտիվների վերաներդրման եկամուտներից
Եվրահանձնաժողովը հուլիսին 1,5 միլիարդ եվրո եկամուտ կտրամադրի Կիևին Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում։
«Ռուսաստանի ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտներից 1,5 միլիարդ եվրո հասանելի կլինի արդեն հուլիսին․ այդ գումարի 90 %-ը կուղղվի (խմբ․՝ Ուկրաինայի) պաշտպանությանը, 10 %-ը՝ վերակառուցմանը», – ասել է ֆոն դեր Լայենն իր բացման խոսքում:
Նա հավելել է, որ Ուկրաինային երեք տարվա ընթացքում 50 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու նախաձեռնության շրջանակներում արդեն հատկացվել է 6 միլիարդ եվրո, իսկ Բեռլինում հունիսի 11-ին ստորագրվելու են 1,4 միլիարդ եվրոյի առաջին համաձայնագրերը գործընկեր բանկերի հետ՝ մասնավոր հատվածից Ուկրաինայում ներդրումներ գրավելու ուղղությամբ։
Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն նաև հավաքել է գրեթե 500 միլիոն եվրո Ուկրաինայի էներգետիկ համակարգի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
«Մենք տրամադրում ենք ևս 1000 գեներատորներ՝ էլեկտրաէներգիայի հրատապ արտադրության համար։ Նաև շուտով Ուկրաինա կհասնեն հազարավոր արևային մարտկոցներ», – հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Նա նաև հայտնել է Ուկրաինայի հիմնադրամից լրացուցիչ 1,9 միլիարդ եվրոյի տրամադրման մասին մինչև այս ամսվա վերջ։