
Բեռլինում մեկնարկել է Ուկրաինային նվիրված խորհրդաժողովը

Բեռլինում մեկնարկել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը։ Դրա նպատակը միջազգային դաշինքներ ստեղծելն է՝ Ուկրաինային տնտեսական և սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված երկօրյա խորհրդաժողովի մեկնարկից առաջ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն Կիևին համակողմանի աջակցություն է խոստացել ոչ ռազմական ոլորտում։
«Նույնիսկ պատերազմի ժամանակ խոսք է գնում վերականգնման մասին», – հայտարարել է նա։
Շուլցեի խոսքով՝ «մարդկանց տանիք է պետք, էլեկտրականություն, երեխաները պետք է դպրոց հաճախեն»։
Ակնկալվում է, որ Բեռլինի խորհրդաժողովի ընթացքում միջազգային դաշինքներ կստեղծվեն Ուկրաինային տնտեսական և սոցիալական աջակցության համար։
Իր հերթին, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նախքան միջոցառման բացումը վստահեցրել է Կիևին, որ իր երկիրն աջակցում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարին:
«Այստեղ՝ վերականգնման խորհրդաժողովում, մենք միասին ուղերձ ենք հղում, որ ոչ միայն միասին մարտահրավեր ենք նետում Ռուսաստանի դաժան հարձակմանը, այլև ճանապարհ ենք հարթում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության համար», – ընդգծել է նա։
Բերբոքի խոսքով՝ կարևոր է, որ պատերազմում հաղթելուց հետո Ուկրաինան ոչ միայն ազատ լինի, «այլև տնտեսապես կարողանա իր ոտքերի վրա ամուր կանգնել միացյալ Եվրոպայում»: