Բաժիններ՝

ԱՄՆ քոլեջի 4 դասախոսներ Չինաստանում ենթարկվել են դանակահարության

Չինաստանում դասավանդող ԱՄՆ քոլեջի չորս դասախոսներ դանակահարվել են մարդաշատ հանրային այգում զբոսնելիս։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևելյան Գիրինի նահանգում։ Հարձակման ենթարկված մանկավարժները Այովա նահանգի Մաունթ Վերնոն քաղաքի Քորնել քոլեջից են և մասնակցում են Չինաստանի Գիրինի Բեյհուա համալսարանի հետ համագործակցության ծրագրին։

Չինական սոցիալական ցանցերում հայտնված կադրերում, ըստ CNN-ի, երևում են երկու տղամարդ և մեկ կին, որոնք պառկած են գետնին՝ արյան մեծ հետքերով ծածկված, շրջապատված ականատեսներով: Նրանք գիտակից վիճակում էին և խոսում էին բջջային հեռախոսներով։

CNN-ը նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել Բեյշանի զբոսայգում՝ Գիրին քաղաքի կենտրոնում․ հունիսի 10-ը Չինաստանում ոչ աշխատանքային օր էր։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին հաստատել է, որ 4 օտարերկրացի դասախոսներ հարձակման են ենթարկվել հունիսի 10-ի առավոտյան Բեյշանի զբոսայգի կատարած այցի ժամանակ։ Գերատեսչությունը նշել է, որ նրանց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ սա եզակի միջադեպ է և այժմ հետաքննվում է։ Միջադեպի մանրամասները, այդ թվում՝ շարժառիթը և հարձակվողի կամ հարձակվողների ինքնությունն առայժմ չեն բացահայտվել։

Այովայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Զաբները CNN-ին հայտնել է, որ տուժողներից մեկն իր եղբայր Դեյվիդ Զաբներն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս