Բաժիններ՝

Գրադարանային աշխատողների համար ևս ատեստավորման հնարավորություն կստեղծվի

Հայաստանում նախատեսվում է գրադարանային աշխատողներին ևս ատեստավորում անցնելու և այս տարբերակով աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն տալ:

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը:

Սահմանվում է գրադարանային աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը և հաստատում է պետական գրադարանային աշխատողների ատեստավորման կարգը: «Դա մեզ ապագայում հնարավորություն կտա վերանայել աշխատակիցների աշխատանքային պայմանները, այդ թվում՝ աշխատավարձերը»,-նշեց փոխնախարարը:

Նախարարությունում կարծում են, որ բացի բուն գործունեությունից, ժամանակի պահանջն է նաև հավելյալ ծառայություններ իրականացնել գրադարաններում: «Այդ ծառայությունները կարող են լինել հուշանվերների պատրաստում և վաճառք, կրթական ծրագրերի իրականացում, գրքերի պարբերական հրատարակում և այլ հրատարակչական գործունեություն, կինո և տեսաֆիլմերի հեռուստատեսային ծրագրերի իրականացումը, առևտրային ցուցահանդեսների կազմակերպումը, ինչպես նաև սրճարանային և այլ գործունեություններ, որոնք չեն հակասի գրադարանի հիմնական գործունեությանը»,-ասաց Քոչարյանը:

Հարակից զեկուցող Թագուհի Ղազարյանն ամփոփեց՝ այսպիսով տնտեսական որոշակի գործունեության հնարավորություն են տալիս գրադարաններին, ինչը կնպաստի գրադարանների ինքնաֆինանսավորմանը:

Իսկ ինչ վերաբերում է ատեստավորմանը՝ պատգամավորը հիշեցրեց, որ դա պետության շարունակական քաղաքականությունն է: «Հանրակրթական դպրոցներում արդեն ունենք ներդրված ատեստավորման կարգը, նախորդ տարվանից՝ նաև արվեստի դպրոցներում, վերջերս նաև թանգարանային ոլորտի աշխատակիցների համար ներդրեցինք ատեստավորման կարգ: Հիմա նաև հավելում ենք գրադարանների աշխատողների համար ատեստավորման կարգը, ինչը հնարավորություն կտա գնալ թե աշխատակիցների որակական բարելավման, թե աշխատավարձերի բարձրացման ճանապարհով»,-ասաց պատգամավորը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո ոլորտի մասնագետների հետ քննարկում կանցկացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս