Բաժիններ՝

ԱՄՆ-ն հանել է Ուկրաինայի «Ազով» ազգային բրիգադին զենք մատակարարելու արգելքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ուկրաինական «Ազով» ազգային բրիգադին կթույլատրի ամերիկյան սպառազինություն օգտագործել: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարությանը։

«Ազով» բրիգադը հայտնի է Մարիուպոլում ռուսական ուժերի կողմից պաշարված «Ազովստալ» գործարանի պաշտպանությամբ, որն, ի վերջո, ավարտվեց պարտությամբ։ Մոտ մեկ տասնամյակ առաջ «Ազով»-ին արգելվել էր ամերիկյան զենքեր օգտագործել, որովհետև ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ դրա հիմնադիրներից մի քանիսը ռասիստական, քսենոֆոբ և ուլտրաազգայնական հայացքներ ունեին, իսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով պաշտոնյաները խմբին մեղադրել են մարդու իրավունքների խախտումների մեջ։

Բրիգադը, որը 2015 թվականից ընդգրկվել է Ուկրաինայի ազգային գվարդիայի կազմում, այժմ կկարողանա օգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքերն, ինչպես բանակի այլ ստորաբաժանումները։

«Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Ուկրաինայի «Ազով» հատուկ նշանակության 12-րդ բրիգադն անցել է Լիհիի վեթինգի գործընթացը, որն անցկացվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից», – ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից հատված է մեջբերում The Washington Post-ը։

Հրատարակությունը հիշեցնում է, որ «Լիհիի օրենքն» արգելում է ԱՄՆ-ի ռազմական օգնության տրամադրումը օտարերկրյա ստորաբաժանումներին, որոնք, ըստ հավաստի ապացույցների, թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ:

Ինչպես հաղորդել են Պետքարտուղարությունում, «​​Ազով»-ի հետ կապված նման խախտումների «ոչ մի ապացույց» չի հայտնաբերվել։

Պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է հրատարակությանը հայտնել, թե երբ է հանվել արգելքը, և արդյոք ամերիկյան սպառազինությունն արդեն հասել է «Ազով»-ի զինծառայողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս