Կապանի մարզադաշտը ճանաչվեց գերակա շահ․ այն կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին

Կապան քաղաքի մարզադաշտը և որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ։

Կառավարության հունիսի 6-ին նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այս նախագծով առաջարկվում է Կապանի մարզադաշտում առկա գույքը, որի մի մասը սեփականություն է, իսկ՝ հողը՝ համայնքային, ճանաչել գերակա շահ, որպեսզի կարողանանք այն կառավարել և որոշակի աշխատանքներ իրականացնել, բարեկարգել։ Առկա իրավիճակը այնպիսին է, որ մարզադաշտի ենթակառուցվածքները վերանորոգելու կամ հիմնովին կառուցելու կարիք կա։ Բավականին լավ համալիր է, բայց սեփականության հետ կապված խնդիրները հնարավորություն չեն տալիս համալիրը զարգացնել այնպես, որ այն իր նպատակին ծառայի։ Որոշման նպատակն այն է, որ Կապանում ունենանք ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզական համալիր։ Այսինքն՝ ոչ միայն ֆուտբոլի մարզադաշտ, այլ նաև մարզական այլ ենթակառուցվածքներ»,- ասաց Սանոսյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց, որ Սյունիքում ֆուտբոլային երկու ակումբ կա, որոնցից «Գանձասար»-ը Հայաստանի բարձրագույն խմբում է հանդես գալու։

«Այնտեղ հնարավոր չէ անցկացնել բարձրագույն խմբի խաղերը, և թիմերը ստիպված են լինելու խաղալ Վայքում, երբ բարձրագույն խմբի խաղերը սկսվեն։ Եվ այդ առումով շատ կարևոր է, որպեսզի Կապանի մարզադաշտը տեսքի բերվի և համապատասխանեցվի պահանջներին։ Ես այս մասին խոսակցությունում եմ ունեցել նաև ֆուտբոլի ֆեդերացիայի մեր գործընկերների հետ։ Ֆեդերացիայի կողմից կա որոշակի ներդրումների հնարավորություն՝ միջազգային խողովակներով»,-ասաց Անդրեասյանը։

Տեսանյութեր

Լրահոս