Մոսկվան պատրաստ է Բաքվին և Երևանին սահմանազատման և սահմանագծման գործընթացում խորհրդատվական օգնություն ցուցաբերել․ Ադրբեջանում ՌԴ դեսպան
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին և Հայաստանին պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում խորհրդատվական օգնություն ցուցաբերել։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով դեսպանի խոսքերը Բաքվում հրատարակվող ռուսալեզու «Առավոտ» ամսագրին տված հարցազրույցից։
«Մենք (խմբ․ Ռուսաստանի Դաշնություն) աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շարունակական գործընթացին։ Կարծում ենք՝ այն պետք է լինի կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում խորհրդատվական օգնություն ցուցաբերել կողմերին»,- ասել է դիվանագետը։
Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացն, այդ թվում՝ մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։
«Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու ուղղությամբ»,- նշել է Եվդակիմովը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին՝ ՌԴ դեսպանը նշել է, որ դա կախված կլինի Բաքվի և Երևանի քաղաքական կամքից։
«Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով», – եզրափակել է նա:



