Լիտվան հայտարարել է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի երկրների խոշոր զորավարժությունների մեկնարկի մասին
Բալթիկ ծովում hունիսի 5-ին մեկնարկում են ՆԱՏՕ-ի BALTOPS 24 լայնածավալ զորավարժությունները: Այս մասին հաղորդագրություն են տարածել Լիտվայի զինված ուժերը:
Լիտվական կողմը Կլայպեդայի նավահանգստում զորավարժություններին նախապատրաստվելու շրջանակներում սպասում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների ավելի քան 30 ռազմանավի, ավելի քան 4 000 զինվորական նավաստիների, ծովային հետևակների, ռազմածովային ավիացիայի և ռազմածովային ուժերի այլ մասնագետների։
Հունիսի 5-6-ին Կլայպեդա ժամանող նավերի ներկայացուցիչները կմասնակցեն ծովում գործողությունների համակարգման խորհրդաժողովին։ Լիտվայում այն անցկացվում է երկրորդ անգամ:
Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն ծովային դեսանտի ափհանում, կրակային աջակցություն, հակասուզանավային պայքար, հակաօդային պաշտպանություն, ականների որոնում և վնասազերծում, վերջրյա և ստորջրյա հեռակառավարվող սարքերի գործողություններ և այլն։
Լիտվայի ռազմածովային ուժերի հրամանատար Գեդրյուս Պրեմենեցկասն ավելի վաղ հայտնել էր, որ ռազմավարական զորավարժությունների նպատակներից մեկը «ՆԱՏՕ-ի միասնությունը, ագրեսորներին ցանկացած հակահարված տալու վճռականությունը ցուցադրելն է»:
Շվեդիան որպես ՆԱՏՕ-ի անդամ առաջին անգամ է մասնակցում զորավարժություններին։ Սակայն երկիրը BALTOPS-ի անդամ է 1990 թվականից։
Զորավարժությունները կազմակերպվում են Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարության և ԱՄՆ 6-րդ նավատորմի կողմից: Զորավարժությունների հրամանատարությունն ու ղեկավարումը կապահովի ՆԱՏՕ-ի հարվածային ուժերի և աջակցության շտաբը