Կիրանցում պատրաստ ենք նոր դպրոց կառուցել, եթե բնակիչները հարմար գտնեն. նախարար
Կառավարությունը պատրաստ է Կիրանց համայնքում նոր դպրոց կառուցել, եթե տեղի բնակիչներն արդեն կառուցված շենքում նպատակահարմար չգտնեն դասեր անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին մոտ լինելու պատճառով։ Այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը։
«Կիրանցում նոր դպրոցի շենքն ավելի մոտ է գտնտվում սահմանին և այնտեղ ասել ենք, որ առաջնորդվելու ենք բնակիչների առաջարկով և պահանջով։ Մենք պատրաստ ենք շահագործել նոր դպրոցի այն շենքը, որը կառուցվել է անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկելուց հետո, իսկ եթե տեղի բնակիչների պահանջը կլինի, որ նույնիսկ դրանից հետո հարմար չեն գտնում, որ այդ շենքում դասեր անցկացվի, կկառուցվի նոր դպրոց։ Արդեն իսկ կառուցված շենքը կծառայի այլ նպատակի»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։