Գրոսին հայտնել է, որ Իրանն ավելացնում է մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ավելացնել մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության ղեկավարը հայտնել է, որ կազմակերպության անդամներին է ներկայացրել Իրանում ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների պահպանման ստուգման հերթական զեկույցը։
«Դուք կնկատեք, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները շարունակում են աճել, այդ թվում՝ մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները», – ասել է նա ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նստաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսում։
Գրոսին նշել է, որ անհանգստացած է «Իրանում միջուկային զենքի արտադրության տեխնիկական հնարավորությունների և Իրանի միջուկային դոկտրինում հնարավոր փոփոխությունների մասին հրապարակային հայտարարությունների առնչությամբ»։ Գրոսին հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կարողանա միանշանակ հաստատել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, եթե Թեհրանը չկատարի երաշխիքների շուրջ համաձայնագրի իր մասը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն չունի, որը կհաստատեր Իրանում միջուկային զենքի ստեղծման ծրագրի առկայությունը։
«Մենք չունենք ստուգման ենթակա տեղեկատվություն այն մասին, որ Իրանը միջուկային զենքի ստեղծման ծրագիր ունի», – ասել է նա մամուլի ասուլիսում: