Իսրայելը ՀԱՄԱՍ-ին այլընտրանք է պատրաստում՝ Գազայի հատվածում կառավարելու համար
Իսրայելի կառավարությունը փորձում է Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման փոխարեն այլընտրանքային կառավարող ուժ գտնել անկլավը կառավարելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
i24 պարբերականը հայտնում է, որ հունիսի 2-ին Հարավային հրամանատարություն այցի ժամանակ Գալանտը նշել է, որ Իսրայելը կհեռացնի ՀԱՄԱՍ-ի անդամներին և այլ ուժեր կբերի անկլավ՝ նոր կառավարություն ձևավորելու համար:
«Պատերազմն ավարտելու որևէ գործընթացում մենք չենք ընդունի ՀԱՄԱՍ-ի կառավարումը (խմբ․՝ Գազայի հատվածում)», – ասել է Գալանտը։
Գալանտը շեշտել է, որ ռազմական գործողությունները երկու նպատակ ունեն՝ տապալել ՀԱՄԱՍ-ի կառավարումը և ռազմական ուժը և վերադարձնել գերիներին։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը չի համաձայնի Գազայի հատվածում անժամկետ հրադադարի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը պահպանում է իր ռազմական և վարչական ներուժը։
Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի իշխանություններին և ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ընդունել զինադադարի նոր առաջարկը։ Բայդենը պարզաբանել է, որ առաջարկը փոխանցվել է ՀԱՄԱՍ-ին Կատարի միջնորդությամբ։
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 36 400 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելը հարձակում է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։